Blackstone ներդրումային ընկերության հիմնադիր, միլիարդատեր Սթիվեն Շվարցմանը Օքսֆորդի համալսարանին 188 մլն դոլար է նվիրաբերել՝ արհեստական ինտելեկտի էթիկայի հետազոտության համար, հաղորդում է CNN-ը: 

Շվարցմանի հումանիտար կենտրոնը կմիավորի Օքսֆորդի բոլոր հումանիտար ծրագրերը մեկ հարկի տակ, ներառյալ՝ անգլերեն լեզու, պատմություն, լեզվաբանություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն եւ կրոն: Կենտրոնում կլինի նաեւ արհեստական ինտելեկտի ոլորտում էթիկայի նոր ինստիուտը, որը կզբաղվի արհեստական ինտելեկտի հետեւանքների ուսումնասիրմամբ եւ այլ նոր տեխնոլոգիաներով: Ակնկալվում է, որ ինստիտուտը կբացվի 2024 թվականին:

«Գրեթե 1000 տարվա ընթացքում Օքսֆորդի հումանիտար գիտությունների ուսումնասիրումը հիմք է եղել արեւմտյան քաղաքակրթության եւ գիտության համար: Մենք պետք է ապահովենք, որպեսզի գաղափարներն ու սկզբունքներն ադապտացվեն այսօրվա դինամիկ աշխարհին»,- ասվում է Շվարցմանի հայտարարության մեջ:

Ըստ Bloomberg Billionaire-ի ինդեքսի՝ Շվարցմանը զբաղեցնում է 82-րդ տեղը, իսկ նրա կարողությունը կազմում է 15,2 մլրդ դոլար: