Հայոց լեզվի ավարտական քննություններին անբավարար գնահատականների մեծ թիվը կապված է քննությունների հանձնման ընթացքին ուսուցիչների եւ կրկնուսույցների ազդեցության նվազեցման հետ: Այս մասին այսօր ԱԺ նիսիտ ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ միասնական պետական քննությունների ժամանակ թեստավորման արդյունքների եւ թեստերի ժողովածուների թարմացման մասին հարցին:

Նախարարը նշել է, որ թեստերի ժողովածուները միշտ խնդիր են առաջացրել, եւ այս տարի խնդիրները 30%-ով փոփոխվել են:

«Մենք կոնկրետ քայլեր ենք անում թեստերն անգիր անելը վերացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ ապահովելու բուհեր այն դիմորդների ընդունելությունը, որոնք ունեն իրական բազային գիտելիքներ, որոնք ստացել են դպրոցական ծրագրից: Այն փաստը, որ անցած տարի հայոց լեզվի քննություններից կտրվողների 16,5%-ը, իսկ այս տարի՝ 19,5%-ը, խոսում է այն մասին, որ հայոց լեզվի ուսուցիչները զգացել են իրենց պատասխանատվությունը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ այս տարի թեստերի խնդիրները կազմվել են այնպես, որպեսզի հնարավորություն տրվի տրամաբանել եւ ստուգել գիտելիքների իրական մակարդակը:

«Մենք աշակերտներին տրամաբանելու հնարավորություն ենք տվել, որպեսզի նրանք մեխանիկական աշխատանք չկատարեն»,- հավելել է նախարարը: Ընդ որում՝ Հարությունյանը նշել է, որ նախարարությունը շարունակում է մշակել բուհեր ընդունվելու համար կրթական սերտիֆիկատների համակարգի ներդրումը՝ ավագ դպրոցներում առաջադիմության հիման վրա: