ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով, եւ այժմ Մելքոնյանը  կարող է անարգել մտնել Վրաստանի տարածք: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից:

«Հաշվի առնելով ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտք գործելու հարցի առնչությամբ առաջացած հանրային հետաքրքրությունը՝  հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը Վրաստանի պատկան մարմիններից ստացել է տեղեկատվություն, որ հունիսի 6-ին թուրք-վրացական «Կարծախի» անցակետում Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով, եւ ՀՀ քաղաքացի Աշոտ Աղասու Մելքոնյանը կարող է անարգել մտնել Վրաստանի տարածք»,- նշված է Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ցանկացել է Թուրքիայից «Կարծախի» անցակետով անցնել Վրաստան, սակայն վրացի սահմանապահները թույլ չեն տվել։ Աշոտ Մելքոնյանն այդ առնչությամբ ասել է, որ որեւէ պատճառաբանություն չի բերվել, միայն ցույց է տրվել մի թուղթ, ըստ որի իր մուտքը Վրաստան «նպատակահարմար չեն գտնում»։