Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հունիսի 19-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Հանդիպմանը մասնակցել է  ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից։

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ եւ ընդգծել փոխադարձ պատրաստակամությունը՝ ընդլայնելու եւ առավել հարստացնելու բազմաոլորտ համագործակցության օրակարգը:

Անդրադառնալով այս տարվա մայիսին Երեւանում կայացած Հայ-ամերիկյան ռազմավարական  երկխոսության անդրանիկ նիստին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է նման ձեւաչափի եւ ներկայացուցչական մակարդակով հանդիպման անցկացումը եւ վերահաստատել հայկական կողմի հանձնառությունը կյանքի կոչելու վերջինիս արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարի խոսքով՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գիտակրթական, էներգետիկ, առեւտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության, զբոսաշրջության եւ այլ ասպարեզներում, նաեւ նպաստում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի առաջմղմանը՝ այդ թվում նաեւ թիրախային ծրագրերի իրականացման միջոցով:

Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ որպես գերակա առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական եւ ոստիկանության ոլորտները: Այս համատեքստում նախարար Մնացականյանն առանձնահատուկ արժեւորել է բարեփոխումների կայունության եւ արդյունավետության ապահովման նպատակով տարբեր միջազգային գործընկերների աջակցության համադրման եւ համակարգման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային կարեւորության մի շարք հարցերի շուրջ:

Հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին: