Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այսօր՝ հունիսի 19–ին, շորթում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանին:

Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ հունիսի 19-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է Ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի կին լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։

Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800․000 դրամ։ Հաղորդումից անմիջապես հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Հունիսի 19-ին՝ ժամը 16․30-ի սահմաններում, լրագրողը կրկին այցելել է ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ պահանջված գումարը վերցնելու։ Կինը նախօրոք պահանջած 800․000 դրամի փոխարեն արդեն պահանջել ու վերցրել է 400․000 դրամ։

Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ։ Կնոջ մոտից հայտնաբերվել և առգրավվել են շորթմամբ հափշտակված 400․000 դրամը։ Նշված անձը շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։