Apple ընկերությունը դիմել է Չինաստանում իր հիմնական մատակարարներին՝ խնդրանքով գնահատել Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներ եւ Մեքսիկա արտադրանքի 15-30% տեղափոխման ծախսերը: Այս մասին հայտարարել է Apple-ի ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԲԿ»-ը՝ հղում անելով ճապոնական Nikkei Asian Review պարբերականին: 

Պարբերականի տեղեկություններով՝ ընկերությանը նման որոշման է դրդել ոչ միայն ԱՄՆ-Չինաստան լարված առեւտրային հարաբերությունները, այլ պատճառների թվում են՝ ցածր ծնելիություն, աշխատուժի ծախսերի աճ եւ ռիսկեր՝ կապված մեկ երկրում արտադրության կենտրոնացման հետ:

Apple-ի արտադրանքի 90%-ն արտադրվում եւ հավաքվում է Չինաստանում, Թայվանում եւ Հոնկոնգում: Ընդ որում, եթե ԱՄՆ-Չինաստան առեւտրային վեճը կարգավորվի, ընկերությունը, այնուամեայնիվ, մտադիր է դիվերսիֆիկացնել արտադրությունը՝ նշում է պարբերականը:

Ընկերությունն իր արտադրանքը կարող է տեղափոխել Մեքսիկա, Հնդկաստան, Վիետնամ, Ինդոնեզիա եւ Մալայզիա:

Ծրագրի իրականացման համար 3 տարի կպահանջվի, այդ պատճառով մոտ ապագայում Չինաստանը կմնա ընկերության տեխնիկայի արտադրման հիմնական վայրը: