Nokia սմարթֆոնների թողարկման իրավունք ունեցող HMD Global-ը  հայտարարել է, որ կսկսի Սինգապուրից Ֆինլանդիա փոխանցել օգտատերերի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ընկերության հայտարարությանը:

 «Nokia սմարթֆոններ թողարկող  HMD Global-ը  հայտարարում է CGI կոնսալտինգային ընկերության եւ Google Cloud-ի հետ գործընկերության մասին՝ Google-ի ամպային շրջանում՝ Համինում (Ֆինլանդիա) հեռախոսների տվյալների տեղափոխման եւ պահպանման համար:

Այս քայլը Nokia հեռախոսների օգտատերերին ավելի շատ հնարավորություններ կտրամադրի՝ մեծացնելով արագությունը եւ Nokia հեռախոսների տրամադրած բարելավումների ճշգրտությունը», - տեղեկացնում է  ընկերությունը:

Առաջին սմարթֆոնները, որոնք կսկսեն տվյալները Ֆինլանդիայում պահպանել կլինեն ընկերության նոր մոդելները սկսած Nokia 4.2, Nokia 3.2 եւ Nokia 2.2-ից, մյուս հեռախոսների տվյալները կտեղափոխվեն Android Q օպերացիոն համակարգի թարմացումից հետո, ամբողջ գործընթացը կավարտվի 2020-ին:

Մարտին Ֆինլանդիայի  իշխանությունները հետաքննություն էին անցկացնում Nokia-ի ապրանքանիշով  հեռախոսներ արտադրող HMD Global ընկերության նկատմամբ անձնական տվյալների անվտանգության վերաբերյալ, կասկածելով, որ Nokia 7 Plus հեռախոսները որոշ անձնական տվյալներ են ուղարկում Չինաստանում China Telecom պետական սերվերին:

Արտադրողն այդ ժամանակ խոստովանել էր, որ Nokia 7 Plus հեռախոսներից մի քանիսն իսկապես տվյալներ ուղարկել են ծրագրային սխալի պատճառով, խնդիրը կարգավորվել էր  ծրագրային ապահովման թարմացումից հետո: