Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատավարությունում օրեցօր հայտնաբերում ենք, թե որքան հեռու է հայկական արդարադատությունը եվրոպական հիմնարար սկզբունքներից, որոնցից է անմեղության կանխավարկածը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է միջազգային ֆինանսաքաղաքական քրեական գործերով ֆրանսիացի փաստաբան Սեւակ Թորոսյանը։

«Նորմալ ժողովրդավարական պետություններում երբ դատավորին ասվում է՝ սխալներ մի կատարիր, դա առաջին հերթին նշանակում է ազատություն։ Հայաստանում դա նշանակում է բանտ նստեցնել: Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատավարությունում օրեցօր բացահայտում ենք, թե որքան հեռու է հայկական արդարադատությունը եվրոպական հիմնարար սկզբունքներից, որոնցից է անմեղության կանխավարկածը։ Դատավորը, որը կիրականացնի այդ սկզբունքները Հայաստանում, կմտնի պատմության մեջ»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դիտարկելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, մայիսի 18-ին որոշել էր ազատ արձակել Հայաստանի նախկին նախագահին Արցախի գործող եւ երկրորդ նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։

Արդեն մայիսի 20-ին դատարանը որոշում կայացրեց կասեցնել գործի քննությունը եւ դիմել Սահմանադրական դատարան՝ ճշտելու Քրեական օրենսգրքի հոդված 300.1-ի 1-ին մասի եւ դրա հետ կապված՝ հոդված 300-ի 1-ին մասի համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին։ Օրերս ՍԴ-ն որոշում է կայացրել երկարացնել Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի նախնական ուսումնասիրության ժամկետը Հայաստանի երկրորդ նախագահի եւ մյուսների դատավարության դադարեցման մասին։