Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի քննությունը։ Ռոբերտ Քոչարյանը այսօրվա դատական նիստին դարձյալ չի ներկայացել։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ երկրորդ նախագահին իրազեկել է դատական նիստի մասին և նա իր դիրքորոշումը չի փոխել, այսինքն նպատակահարմար չի գտնում մասնակցել դատական նիստին։ 

Այսօրվա նիստում դատախազության և տուժող կողմի բողոքների վերաբերյալ իրենց առարկությունները կներկայացնեն պաշտպանները։

Գլխավոր դատախազությունը եւ տուժող կողմը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Դատախազները պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ ընտրված անձնական երաշխավորությունը եւ նրան կալանավորել, իսկ գործի վարույթը կասեցնելու դատարանի որոշումը բեկանել եւ կայացնել նոր դատական ակտ։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։