Ամբողջովին կեղծված, սուտ եւ հորինած պատմություն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը՝ անդրադառնալով գործով տուժող Արման Մկրտումյանի՝ իր դեմ դատարանում տված ցուցմունքներին։

Հարցին, թե տուժողը նշում է, որ սովորաբար «Ֆլեշ» ՍՊԸ-ում մարդկանց ձեռքից մեքենաներ ու այլ գույք էին վերցնում եւ անվանափոխում իրենց անուններով, Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց, որ դա իրականությանը չի համապատասանում։ Հարցին,  այդ ճանապարհո՞վ է նա հարստացել, գործարարը կտրուկ պատասխանեց․ «Ոչ»։

Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է։