«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը հերքում է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե օրերս խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը տուգանել է իրեն պատականող բենզալցակայանը՝ հարկային տարում երրորդ անգամ ՀԴՄ կտրոն չտպելու համար։ Այսօր՝ դատարանում լրագրողների հետ զրույցում Բեգլարյանը հայտարարեց, որ տեղեկությունը ճիշտ չէ։

Անդրադառնալով բենզինի թանկացմանը, Բեգլարյանը նշեց, որ դա պայմանավորված է միջազգային գներով. «Ցանկալի է, որ միջազգային գներն իջնեն եւ մենք մեր հաճախորդների համար մատչելի գներ սահմանենք, հուսով ենք  մինչեւ ամսվա վերջ, եկող ամսվա սկիզբ միջազգային շուկայում կլինեն փոփոխություններ։ Կա ինֆորմացիա, որ Ամերիկան պետք է հայտարարի իր պահեսները բաց թողնելու մասին, կերեւա 10-15 օրերի ընթացքում»,-ասաց նա։

Անդադառնալով բենզինի շուկայում նոր ընկերությունների ի հայտ գալուն, Բեգլարյանն ասաց. «Մանր-մունր ընկերություններ կան, տարբեր տեղերից բերում են, միշտ էլ ասել եմ, դաշտը ազատ է, ով ուզում է՝ կարող է բերել, բացարձակ ոչ մի խոչընդոտ չկա»:

Հարցին, թե հեղափոությունից հետո իր բիզնեսը բարգավաճե՞լ է, թե ոչ, նա պատասխանեց, որ դա բիզնես գաղտնիք է եւ չի կարող ասել։

Նշենք, որ բենզինի գինը տարեսկզբից թանկացել է 30-40 դրամով։