ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ լրագրողի կողմից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինս ձերբակալվել է:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 18-ին «Հայկական ժամ» (Hzham.am) խմբագրության լրագրողը (Գայանե Մանուկյան) այցելել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ եւ ներկայանալով որպես լրագրող՝ հայտնել է, որ տեղեկություններ ունի՝ իբրեւ վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ այդ առնչությամբ շուրջ 41.000.000 ՀՀ դրամի չափով չվճարված հարկային պարտավորություններ ունենալու վերաբերյալ:

Լրագրողը գումարտակի հրամանատարի տեղակալին հայտնել է նաեւ, որ պատրաստվում է այդ վարկաբեկիչ տեղեկությունը հրապարակել չորս լրատվամիջոցներով, եւ այն չհրապարակելու համար վերջինից պահանջել է խոշոր չափերի՝ 800.000  ՀՀ դրամ գումար՝ ակնարկելով, որ պահանջված գումարի չափը հնարավոր է նվազեցնել:

2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը, այցելելով գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ, նախկինում ներկայացրած սպառնալիքով պահանջել եւ շորթմամբ ստացել է 400.000 ՀՀ դրամ գումար, որից անմիջապես հետո ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն աշխատասենյակում բռնվել է:

Դեպքի վայրի զննությամբ լրագրողի պայուսակում հայտնաբերվել է գումարտակի հրամանատարի տեղակալից ստացած 400.000 ՀՀ դրամ գումարը:

Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 19-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Լրագրողը ձերբակալվել է՝ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալից խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով:

Շորթում կատարելու կասկածանքով լրագրող է բերման ենթարկվել