Մեքենաների ներկրումը Հայաստան ավելանում է, սակայն արտահանման աճը պատշաճ կերպով չի արձանագրվում: Հունիսի 20-ին Ազգային ժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի  հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ արտահանման զգալի մասը վիճակագրությամբ չի արձանագրվում:

«Օրինակ, ավտոմեքենաների արտահանումը: Հունվար-ապրիլին ավտոմեքենաների ներմուծումը աճել է 24 տոկոսով կամ 255 մլն դոլարով: Սակայն արտահանումը, ըստ պաշտոնական վիճակագրության, չի ավելացել: Մինչդեռ մենք բոլորս գիտենք, որ ներմուծվող տրանսպորտային միջոցների զգալի մասը հետագայում արտահանվում է: Արտահանումը կատարվում է ամենապարզ ձեւով. մարդիկ գալիս են, գնում են մեքենան եւ վերադառնում են», - պարզաբանեց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ մեքենաների դուրսբերումը արտահանման փաստացի կոնկրետ տեսակ է, որը արտացոլված չէ վիճակագրության մեջ: Նա կարծում է, որ Պետական վիճակագրական կոմիտեն պետք է ուսումնասիրի իրավիճակը եւ ներկայացնի կատարվածի ավելի ամբողջական պատկերը: