Երասխահուն համայնքի ղեկավար Արմեն Ավիտսյանը հերքում է տեղեկությունները, թե ինքը ծեծի է ենթարկել իր համագյուղացի Ջանգիր Ասադյանին:

Գյուղապետը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը հունիսի 18-ին նույնիսկ Երևանում չի եղել, այլ գտնվել է Արմավիրում:

Նա ընդգծեց, որ տուժած քաղաքացին հոգեկան խնդիրներ ունի. «Ինքը հաշվառված հոգեկան հիվանդ է: Հարևանների հետ անընդհատ վիճում էր, ես էլ տեսել եմ, ասել եմ՝ «քեզ հանգիստ պահի, տղա»: Դրանից հետո էլ իրեն չեմ տեսել: Ու հանկարծ կայքերում տեսնում են, որ իբր ես Երեւանում իրեն ծեծել եմ, շուն եմ վրա տվել եւ այլն»,-ասաց գյուղապետը:

Նա տեղեկացրեց, որ ինքն արդեն խոսել է տուժածի որդու հետ եւ վերջինս հայտնել է, որ երեւի գյուղում է կռիվ արել ու վնասվածքներ ստացել. «Իր վրա իսկապես շան կծածի հետքեր եղել են: Հիմա գյուղում է, բայց տեղը չգիտեն»,-ընդգծեց գյուղապետը:

Ավելւի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 18-ին Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, շան կծած վերքեր, նստային ձախ կեսի սալջարդ, ազդրի միջին երրորդականի շրջանի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ վիրավորն Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 56-ամյա Ջանգիր Ասադյանն է: Նա ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Երեւանում՝ ծեծի ենթարկվելու եւ շան կծելու հետեւանքով:

Հայտնի է դարձել, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արաբկիր վարչական տարածքում գտնվող «Արեւելյան Խոհանոց» ռեստորանային համալիրի մոտ Ջ. Ասադյանի հետ վիճաբանել է Երասխահուն գյուղի բնակիչ, 54-ամյա Արմեն Ավետիսյանը, ում ուղղորդմամբ այնուհետեւ վիճաբանությանը մասնակցել են 3 երիտասարդներ:

Նրանցից մեկը ձեռքով մի քանի անգամ հարվածել է Ջ. Ասադյանի թիկունքին, իսկ մյուսն էլ շանը բաց է թողել վերջինիս վրա: Ծեծի եւ շան կծելու հետեւանքով Ջ. Ասադյանն ստացել է մարմնական վնասվածքներ:

Գյուղապետն ընկերների հետ ծեծի է ենթարկել համագյուղացուն. վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց