Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի Վաշինգտոն այցից ոչ մի լուրջ բան ակնկալել չարժե։ Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ միջազգային ասպարեզում լուրջ արդյունքներ ունենալու համար հարկավոր է սկզբում ճշտել եւ մշակել արտաքին քաղաքականության հայեցակարգ։ «Այս այցը միայն մի ինչ-որ մարտավարական քայլի փորձ է։ Եթե երկրում կան քաղաքական ուժեր, որոնք ասում են այն մասին, թե իրենք քաղաքական կողմնորոշում չունեն, ապա դա վկայում է քաղաքական ճգնաժամի մասին»,- ավելացրել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։