Կադրային  քաղաքականությունը Կառավարության աշխատանքի խնդիրներից մեկն է: Հունիսի 20-ին Ազգային ժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի  հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան»  կուսակցության նախագահ եւ նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանը:

Նա նաեւ մատնանշեց այն խոստումները, որոնք ըստ նրա, տրվել եւ հետագայում չեն կատարվել:

«Մենք չենք կարող չխոսել այն խնդիրների մասին, որոնք անհրաժեշտ է  լուծել, որպեսզի 2019 թվականին եւ հաջորդ տարիներին դրանք չկրկնվեն: Մենք նշել ենք երեքը: Առաջին խնդիրը կադրային քաղաքականությունն է, որը մենք քննադատել ենք, քննադատում ենք, եւ եթե այսպես շարունակվի, ապա քննադատելու ենք նաեւ ապագայում: Մենք կարծում ենք, որ կադրային քաղաքականությունը շատ վատն է: Երկրորդ խնդիրը խոստումներն են, որոնք չեն կատարվել:

Դրանք պետք է կատարվեն եւ մենք հետեւելու ենք դրանց կատարմանը: Երրորդը նրանում է, որ մենք անընդհատ կոչ էինք անում եւ ասում, որ պետք է փորձել ամեն ինչից վեր կանգնել եւ ավելի ինկլյուզիվ մոտեցումներով հանդես գալ, լինել բոլորի վարչապետը, բոլորի կառավարությունը: Մենք կտրուկ քննադաատեցինք մարդկանց սեւերի եւ սպիտակների բաժանելու մասին հայտնի պատմությունը», - ասաց Մարուքյանը:

Նրա կարծիքով, արդյունքները, միանշանակ, կարող էին ավելի լավ լինել, եթե Կառավարությունը ավելի գործընկերային եւ ինկլյուզիվ  մոտեցումներ ցուցաբերեր:

Նա նաեւ տարակուսանք հայտնեց այն կապակցությամբ, որ երբ ընդդիմության ներկայացուցիչը ինչ-որ բան է ասում իշխանության ներկայացուցչի մասին, իշխանության ներկայացուցները շեշտում են, որ խոսքը ժողովրդի կառավարության ներկայացուցչի մասին է:

«Պետք է այս ամենից վեր կանգնել: Ավելի հանգիստ ժամանակ է եկել, Կառավարությունը քաղաքական մեծամասնություն ունի, այն բարեփոխումները, որոնք չեն կատարվել մինչեւ դեկտեմբեր, պետք է անցկացվեն», - ասաց Մարուքյանը: