Աշխարհում ամենահանրաճանաչ YouTub տեսահոսթինգի ղեկավարությունը մտածում է մանկական կոնտենտն ամբողջությամբ առանձին ծառայություն տեղափոխելու մասին: Մանկական կոնտենտը YouTub-ին ապահովում է միջոցների ահռելի ծավալ, այնպես որ՝ խոսքը բիզնեսի համար բավականին ռիսկային փոփոխության մասին է, հայտնում է The Wall Street Journal-ը:

Սակայն դրա անհրաժեշտությունն, ըստ ամենայնի, հասունացել է, նշում է պարբերականը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Հիշեցնենք, որ YouTube-ը որոշ ժամանակ առաջ հայտնվել էր քննադատության հզոր ալիքի տակ, որը հարուցել էր ծառայության մանկական հատվածի համար անցանկալի բովանդակությամբ նյութերի առատությունը:

Փորձագետներից շատերի կարծիքով՝ YouTube-ը սկզբունքորեն չի կարող երեխաների համար նախատեսված հատվածը վերահսկել, որտեղ ծաղկում են ինչ-որ միանգամայն սարսափելի երեւույթներ, օրինակ՝ հոլովակների ավտոմատ գեներացիան՝ հաշվարկված ամենափոքր տարիքի երեխաների համար, կամ հայտնի մուլտֆիլմերի հոլովակների ստեղծումը՝ տարօրինակ ենթատեքստերով ու իմաստով:

YouTub-ի մանկական հատվածի համար առավել քան հրատապ խնդիրը լուծելու համար ծառայության ղեկավարությունը պատրաստ է անգամ ամենաարմատական փոփոխություններին. խոսում են, օրինակ, որ YouTub-ը կարող է ընդհանրապես հրաժարվել մանկական կոնտենտից եւ այն տանել հատուկ մասնագիտացված ծառայություն:

Դրանից բացի, YouTub-ին քննադատում են ընթացիկ տեսանյութից հետո հաջորդի ավտոմատ վերարտադրման համար, ինչը ընկերությանը թույլ է տալիս միլիոնավոր դոլարի լրացուցիչ եկամուտ ստանալ, սակայն դա ծնողներին դուր չի գալիս, որոնց երեխաները ժամեր շարունակ տառացիորեն «կպած» են YouTube-ին: