Փաստաթուղթը ենթադրում է տեղեկությունների փոխանակում, երկրների համապատասխան կառույցների միջեւ համակարգում տեղեկատվական անվտանգության ոլորտում: Հունիսի 20-ին Ազգային ժողովի նիստում ՀԱՊԿ երկրների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին այն մասին, թե արդյոք չկա՞ն սպառնալիքներ, որ երկրի վերաբերյալ որոշ տեղեկություններ կարող են հայտնվել Ադրբեջանում: Պատգամավորները վկայակոչեցին այն, որ ՀԱՊԿ որոշ երկրներ Բաքվի հետ համագործակցում են միջազգային իսլամական կազմակերպությունների գծով:

Ի պատասխան՝ Վանեցյանը հավաստիացրեց, որ նման սպառնալիք չկա: Նրա խոսքով՝ խոսքը տեղային եւ փակ համակարգի մասին է, որը կարող է օգտագործվել բացառապես ՀԱՊԿ անդամ երկրների կողմից, իսկ կազմակերպության անդամ չանդիսացող երկրներն այնտեղ մուտք ունենալու հնարավորություն չունեն: «Իհարկե, մենք չենք կարող ամբողջությամբ բացառել ուրիշների կողմից տեղեկություններն օգտագործելու լռելյայն համաձայնությունը: Բայց պետք է բոլոր ջանքերն օգտագործենք, որպեսզի նման դեպքեր չլինեն»,- հավելեց նա:

ԱԱԾ ղեկավարը նաեւ պարզաբանեց, որ տեղեկատվական անվտանգության այս համակարգը չի ինտեգրվի Հայաստանի պետական հաստատություններին, ինչը հստակ ամրագրված է համաձայնագրում: «Այնպես որ՝ վտանգ չկա, որ նման ներքին տեղեկությունները կարող են Հայաստանից Բաքվում հայտնվել»,- եզրափակեց ԱԱԾ ղեկավարը: