Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կկանգնի դատարանի առջեւ կոռուպցիայի եւ քննության վրա ապօրինի ճնշման գործով։ Փարիզի վճռաբեկ դատարանը մերժել է պետության նախկին ղեկավարի միջնորդությունը գործը դատարան հանձնելը չեղարկելու մասին, տեղեկացնում է DW-ն՝ հղում կատարելով AFP-ին։

Համաձայն գործի նյութերի, որոնց հղում է կատարում գործակալությունը, 2014-ին Սարկոզին իր փաստաբանի միջոցով փորձել է կաշառել Ժիլբեր Ազիբերին, որն այդ ժամանակ զբաղեցնում էր դատախազի պաշտոնը վճռաբեկ դատարանում։ Պետության նախկին ղեկավարը հետաքրքրվել է 2007-ին բազմամիլիարդ կարողության տեր, L'Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բեթանկուրի կողմից իր ընտրարշավի ենթադրաբար ապօրինի ֆինանսավորման գործի մասին տեղեկատվությամբ։ Այդ տեղեկատվության համար նախկին նախագահն իբր Ազիբերին առաջարկել է լավ պաշտոն Մոնակոյում։

2013-ին Նիկոլա Սարկոզին արդարացվել է այն մեղադրանիքց, թե օգտվել է Բեթանկուրի փողերից։ Սակայն հեռախոսային բանակցությունները Սարկոզիի եւ նրա փաստաբանի միջեւ, որոնք գաղտնալսվել են արդարադատության մարմինների կողմից մեկ այլ գործի քննության շրջանակում, թույլ են տվել քննությանը նոր հանցանշաններ ստանալ նախկին նախագահի դեմ։

Սարկոզին ինքը հերքում է իր հասցեին առաջադրված մեղադրանքները։ Դատավարության սկսվելու ժամկետը դեռեւս անհայտ է։