Արտերկրում բնակվող 100 հազարավոր քաղաքացիներ զրկված են ընտրելու իրավունքից. ժամանակն է վերադարձնել նրանցից խլված իրավունքը: Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան, «Նորիկյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Նորայր Նորիկյանը:

Նա, մասնվորապես, նշել է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համաժողովում ունեցած իր ելույթում երկրի վարչապետը հիշեցրեց իրենց կուսակցության ծրագրի 4.9-րդ կետը, որով նշվում է, որ առաջիկա 20 տարիներին ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի, եւ այդ խնդրի լուծման կարեւորագույն միջոցներն են արտագաղթի դադարեցումը, Հին եւ Նոր Սփյուռքը ներկայացնող հայերի՝ դեպի Հայաստան հայրենադարձության հարաճուն գործընթացի հարուցումը, ծնելիության աճը:

Տառացիորեն մի քանի օր առաջ էլ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակվեց Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը, ով ակտիվորեն խոսում է Սփյուռքի խնդիրների եւ հնարավոր լուծումների մասին, այդ թվում նաեւ հայրենադարձության:

Այս համատեքստում խիստ անհրաժեշտ եմ համարում հանրային քննարկման հարթակ տեղափոխել, իմ կարծիքով, բավականին կարեւոր մի խնդիր, որի լուծումը կարող է նպաստել հենց հայրենադարձությանը եւ Սփյուռքի հետ էլ ավելի ներդաշնակ հարաբերությունների ստեղծմանը, քանի որ խորապես վստահ եմ, որ միայն հռչակագրային վարքագծով հնարավոր չէ հասնել ձեւակերպված խնդիրների լուծմանն այն պարզ պատճառաբանությամբ, որ նախեւառաջ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական կառուցակարգեր:

Խնդիրը կայանում է նրանում, որ մինչեւ 2011թվականը մեր երկրում անցկացված բոլոր տեսակի համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցել են արտերկրում գտնվող ու բնակվող ՀՀ քաղաքացիները՝ քվեարկության օրն այցելելով իրենց բնակության վայրի պետությունում գործող ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններ:

2011թ. մայիսի 26-ին ընդունված ընտրական օրենսգրքով առաջին անգամ սահմանվել է, որ քվեարկությունն անցկացվում է միայն ՀՀ տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում, բացառությամբ դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամների, ովքեր կարող էին մասնակցել համապետական ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով:

Ըստ էության, նշված կարգը սահմանված է նաեւ 2016թ. ընդունված եւ ներկայումս գործող «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, մի տարբերությամբ, որ գործող ընտրական օրենսգրքով սահմանված կարգով այդ եղանակով կարող են ընտրել նաեւ օտարերկրյա պետություններում երկարատեւ ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաեւ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց՝ արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցներն ու նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

Կարելի է ենթադրել, թե քաղաքական ինչ շարժառիթներով ու հիմավորումներով է ժամանակին այսպիսի իրավակարգավորում սահմանվել, բայց կարծում եմ, որ նոր իրողությունների պայմաններում, երբ օրակարգից դուրս է եկել ընտրակեղծիքներով ընտրությունների ելքը կանխորոշող տխրահռչակ ձեռագիրը, ժամանակն է վերացնելու մեր հարյուր հազարավոր քաղաքացիների ընտրելու իրավունքը արհեստականորեն սահմանափակող իրավակարգավորումները, առավել եւս, որ դրանք, իմ խորին համոզմամբ, հակասում են ՀՀ սահմանադրության 29-րդ, 40-րդ եւ 48-րդ հոդվածներին:

Վկայակոչված սահամանադրական նորմերի համակողմանի վերլուծությունից հետեւում է, որ տասնութ տարին լրացած ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեին մասնակցելու իրավունք:

Եվ միայն այն հանգամանքը, որ նրանք քվեարկության օրը չեն գտնվում ՀՀ տարածքում, ըստ իս, բավարար չէ նրանց ընտրության իրավունքը սահմանափակելու, այն պարզ պատճառաբանությամբ, որ յուրաքանչյուր ոք ունի ՀՀ-ից դուրս գալու իրավունք, հետեւաբար, տվյալ իրավունքից օգտվելու հանգամանքը չի կարող սահմանափակել մեկ այլ կարեւոր՝ ընտրելու իրավունքը, անկախ նրանից, թե քվեարկության օրը ՀՀ քաղաքացիան որտեղ է գտնվում:

Ավելի՛ն, գործող իրավակարգավորումները կարող են հիմք դառնալ խոսելու խտրականության կոնկրետ դրսեւորման մասին, ինչը սահմանադրությամբ արգելվում է, քանի որ միայն դիվանագիտական ծառայություն անցնող կամ վերջինիս ընտանիքի անդամ հանդիսանալու, կամ օտարերկրյա պետություններում երկարատեւ ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողի կարգավիճակ ունենալու հանգամանքը չի կարող հանդիսանալ որպես առավելություն՝ ընտրելու իրավունքից օգտվելու համար:

Եվ այժմ, եթե մենք իսկապես ցանկանում ենք փոխել մեր պետության որակը, իսկապես խթանել հայրենադարձությունն ու կրկնապատկել մեր բնակչության թիվը, ուրեմն պետք է հնարավորություն տանք ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր տարիներ շարունակ, բնակվում են արտերկրում, «վերաինտեգրվելու» Հայաստանին:

Սահմանափակելով նրանց ընտրելու իրավունքը՝ մենք ոչ միան իրավական առումով, այլեւ հոգեբանորեն կտրել ենք նրանց Հայաստանի Հանրապետությունից:

Այս քայլը շատ կարեւոր ուղերձ կլինի նրանց: Իրենք պետք է գիտակցեն, որ Հայաստանի Հանրապետությունը կարեւորում ու արժեւորում է նրանցից յուրաքանչյուրին, որ նրանց մասնակցությունը Հայաստանի հանրային կյանքին չափից դուրս անհրաժեշտ է, որ նրանց կաարտահայտությունը եւ ձայնը շատ կարեւոր է Հայաստանի ապագան կերտելու համար:

Վերականգնելով այս հնարավորությունը՝ մենք ապահովում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների թեկուզեւ հոգեբանական կապը հայրենիքի հետ՝ նրանց մասնակից դարձնելով մեր պետության կառուցման պատասխանատվությանը, ինչը կարող է խթանել նրանց հնարավոր վերադարձին:

Եվ եթե իսկապես մենք քաղաքացու հայրենադարձությունը դիտարկում ենք որպես առաջնահերթություն, ուրեմն ամենից առաջ պետք է վերադարձնել նրանցից խլված իրավունքը:

Սա իսկական ԲԵԿՈՒՄ կլինի մեր հանրային կյանքում՝ հնարավորություն ստեղծելով կառուցելու որակապես նոր հասարակություն ու պետություն:

Ավելի՛ն, գտնում եմ, որ ժամանակի ընթացքում սահմանադրական փոփոխությունների միջոցով անհրաժեշտ է արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին տալ նաեւ ընտրվելու հնարավորություն՝ պայմանով, որ ընտրվելու ցանկության դեպքում նրանք ընտրություններից առնվազն երեք տարի առաջ ընտանիքով պետք է մշտական բնակության վերադառնան Հայաստանի Հանրապետություն:

Հ.Գ. Նկատի ունենալով, որ քննարկվող հարցը շոշափում է հարյուր հազարավոր քաղաքացիների օրինական իրավունքները, շնորհակալ կլինեմ լրատվամիջոցներին՝ սույն հոդվածը տարածելու համար: