«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում հունիսի 19–ին Վանաձորում վագոն–տնակներում ապրող երկու ընտանիքիների նոր բնակարաններով ապահովեցին։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանի խոսքով՝ Ծրագրի այս փուլը նախատեսում է բնակարանով ապահովել Վանաձորի տնակներում ապրող ընտանիքներին, որտեղ անչափահաս երեխաներ կան։

«Այս տարիների ընթացքում երկար ու մանրակրկիտ ուսումնասիրել ենք վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին։ Անհնար է անտարբեր անցնել հատկապես տարրական կենցաղային պայմաններից զուրկ պայմաններում բնակվող երեխաների կողքով, որոնցից յուրաքանչյուրի դեմքին իրենց տարիքին ոչ բնորոշ հոգս ու տխրություն կա։ Շատ են այդպիսի ընտանիքները նաեւ Վանաձորում. հենց այդ պատճառով էլ այս անգամ այստեղ կփորձենք օգտակար լինել։ Վստահ ենք, որ բնակարանային հարցը լուծելուց հետո թե' երեխաները, եւ թե' իրենց ծնողները կկենտրոնանան այլ, ավելի կարեւոր խնդիրների վրա», - ասաց Սարջանյանը։

Վանաձորի տնակից 3 սենյականոց բնակարան տեղափոխվեց Վարդիթեր Հովհաննիսյանը իր 4 երեխաների հետ։ Նրա խոսքով՝ իրենք 21 տարի ապրել են վագոն–տնակում, որտեղ ոչ մի հարմարություն չի եղել։

«Տնակի պատերին միշտ սառույց էր պատում, վառարանը միացնելիս սառցաջուրը հոսում էր։ Ինչ ունեցել ենք, ամբողջն այդ խոնավությունից փտել է։ Երեխաներն իրենց սենյակներն արդեն ընտրել են, ուրախանում են իրենց նոր տան մեջ։ Շատ շնորհակալ ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամից այս բնակարանի համար»,– ասաց Վարդիթերը։

Հաջորդ անակնկալը Վանաձորի 7 հոգանոց ընտանիքի համար էր։ Երիտասարդ կնոջ խոսքով՝ ընտանիքը 15 տարի ապրել է վագոն–տնակում, որտեղ մեծացնում էին իրենց 5 երեխաներին։

«Մի փոքր անկյունում ստեղծել ենք մեր ընտանիքը, մեր բալիկներին ենք ունեցել։ Միշտ հույսով ապրել ենք, որ մի բան կլինի ու այս անակնկալը եղավ։ Որ իմացա, չէի հավատում. շատ շնորհակալ եմ բոլորից, որ իմ երեխաներին դոմիկից հանեցին, որ երեխեքս հիմա տանիք ունեն իրենց գլխին»,– ասաց երեխաների մայրը։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ Լոռու մարզը մշտապես եղել է գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի ուշադրության կենտրոնում։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ը, մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը, բազմաթիվ ծրագրեր է իրականացրել մեր մարզում, մեր քաղաքում։ Մեզ համար ուրախալի լուր ստացվեց, որ պատրաստվում են Վանաձորի մի քանի անօթեւան ընտանիքիների բնակարանով ապահովել»,– ասաց քաղաքապետը։

Նախագծի շնորհիվ այսօր արդեն Գյումրու 20 ընտանիք ապահովված է սեփական բնակարանով: Ծրագրի՝ Վանաձորին ուղղված մասը կիրագործվի առաջիկա ամիսների ընթացքում, իսկ սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու գործընթացը շարունակական կլինի։