Անշարժ գույքի գների մասին խոսք չկա. mենք ունենք կադաստրային գներ անշարժ գույքին վերաբերող, որոնք հնացած են: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը:

Նրա խոսքով, 2002 թվականին են կատարվել վերջին շտկումները. «Մենք ուսումնասիրել ենք շուկան եւ դրա հիման վրա կադաստրային արժեք հասկացությունը, որը էականորեն զիջում է շուկայում եղած թվերին, մոտեցրել ենք շուկային»,-ասաց նա՝ հավելելով, որ անշարժ գույքի հարկման հարցը դեռ չի քննարկվում:

Հարցին, թե ինչպես են որոշելու գույքի շուկայական արժեքը, Սարհատ Պետրոսյանը նշեց, որ կան անկախ գնահատողներ, որոնք իրենց մոտ որակավորում են անցնցում. «Երբ դուք գրավադրում եք ձեր գույքը, տեղի է ունենում շուկայական գնահատում: Հիմա մենք ողջ հանրապետության տարածքում կատարել ենք գնահատումներ, վերլուծել ենք այդ տեղեկատվությունը, նաեւ այլ տվյալներ են ավելացվել եւ ստացել ենք նոր գնահատման տրամաբանությունը»:

Սարհատ Պետրոսյանը նշեց, որ 2018 թվականի Հայաստանի ողջ տարածքում գնահատվել է 51 հազար գույք, դրան ավելացվել են կադաստրի կոմիտեի բազայում եղած հավաստի տվյալները եւ դրանց վերլուծության արդյունքում ստացել են լրիվ այլ պատկեր: Նա հավելեց, որ գնահատումը հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ է եղել, սակայն հիմնական մասը` հեղափոխությունից հետո:

«Այսօր Երեւանի կենտրոնում անշարժ գույքի շուկայական արժեքը հինգ հազար դրամով ավելին է, քան այն արժեքը, որ ֆիքսել ենք հիմա: Բացի այդ, այն սկսելու է կիրառվել 1,5 տարի հետո: Եթե շուկայում լինեն մեծ տատանումներ, մենք դա կվերանայենք»,-ասաց նա եւ նշեց, որ եթե շուկայում գները ընկնեն 25 տոկոսով, ապա գինը կիջեցնեն 25 տոկոսով:

Նա պարզաբանեց, որ սա դեռեւս անշարժ գույքի հարկը չէ: «Նախագիծը ենթադրում է, որ գույքահարկ այլեւս չպետք է լինի ընդհանրապես՝ անշարժ գույքի միասնական հարկ է լինելու»,-ասաց նա եւ նշեց, որ դրույքաչափի վերաբերյալ ինքը չի կարող որեւէ բան ասել, սակայն իր անձնական դիրքորոշմամբ` կառավարությունը պետք է այնպես անի, որ ռիսկային խավի վրա ճնշում չլինի: