ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ գծի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հասկանա, որ ոչ թե կոմեդիայում է գտնվում, այլ ողբերգության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Զելենսկին տաղանդավոր մարդ է,- նշել է Պուտինը։- Հիշում եմ նրա ելույթը Մոսկվայում, ԿՎՆ-ում։ Այդ ամենը տաղանդավոր էր եւ ծիծաղելի, բայց հիմա ծիծաղելի չէ։ Սա կատակերգություն չէ, սա ողբերգություն է։ Եթե նա հայտնվել է նախագահի պաշտոնում, ապա այդ խնդիրը պետք է լուծել»։ Պուտինը հիշեցրել է, որ Զելենսկին Դոնբասում հակամարտության կարգավորման թեման դարձրել էր իր «ամբողջ ընտրարշավի կորիզը»։

«Իսկ հիմա Փարիզում նա ասել է, որ չի պատրաստվում խոսել Դոնբասի հանրապետությունների ներկայացուցիչների հետ,- շարունակել է ՌԴ նախագահը։- Իսկ ինչպե՞ս այդ դեպքում լուծել այդ խնդիրը։ Ժամանակակից պատմության մեջ չկա ոչ մի օրինակ, երբ նման կոնֆլիկտները լուծվել են առանց ուղղակի երկխոսության հակամարտող կողմերի միջեւ։ Դա պարզապես անհնար է»։