Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած արդյունավետ աշխատանքի եւ հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նաեւ դեսպանի ակտիվ գործունեության արդյունքում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների միջեւ տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ են հաղորդել տարբեր ոլորտներում փոխգործակցությանը: Գործադիրի ղեկավարը կարեւորել է Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը նաեւ մեր երկրում իրականացվող բարեփոխումներն առաջ մղելու, մասնավորապես եվրոպական չափանիշներին համապատասխան անկախ դատական համակարգ ստեղծելու գործում:

Մաթիաս Քիսլերը եւս շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար ու նշել, որ իր համար մեծ պատասխանատվություն էր իրականացնել առաքելությունը՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ու ընթացող փոփոխությունների ժամանակաշրջանում: Դեսպանը շեշտել է, որ Հայաստանի հետ ավանդական լավ հարաբերությունները նոր ազդակ են ստացել երկրում ժողովրդավարության ամրապնդման գործընթացների արդյունքում: Մաթիաս Քիսլերն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել Հայաստանի գործընկերների հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով: Դեսպանի խոսքով՝ Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում մեծ է հետաքրքրությունը նաեւ գերմանական բիզնեսի կողմից, մասնավորապես, հեռահաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: