Այսօր չի հարկվում այն գույքը, որը 3 մլն դրամից պակաս կադաստրային արժեք ունի: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։

«Հիմա կարող է այդ շեմը դառնա 10 մլն կամ 15 մլն դրամ, կամ նույնիսկ զրո: Մենք այսօր դա հստակ չգիտենք, բայց մեր մոտեցումն այն է, որ խոցելի խավը, որ մինչեւ հիմա գույքահարկ չի տվել, նա կամ պետք է շարունակի չտալ, կամ այնքան մեղմ պետք է լինի, որ դա իր վրա չազդի»,-ասաց նա:

Սարհատ Պետրոսյանը նաեւ հավելեց, որ Երեւանի գոտիավորման քարտեզի շրջանառվող տարբերակում ողջ Հայաստանը բաժանված է 22 գոտու՝ նախկին 17-ի փոխարեն. «Երեւանի կենտրոնը ջլատել ենք, որ ավելի տարբերակված մոտեցում ունենանք: Օրինակ Մոնումենտի բարձրունքում, Հյուսիսային պողոտայում կադաստրային արժեքը շոշափելի բարձրանալու է»: