Իրականությունն այն է, որ մարդիկ չեն ցանկանում դատավոր դառնալ, քանի որ վարչապետ Փաշինյանը, նրա թիմը եւ կողմնակիցներն ուղղորդված վատաբանում են դատավորներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Վարչապետ Փաշինյանի խոսքերն են.

«Անցյալ տարի ՀՀ-ում առաջին անգամ դիտարկվել է երեւույթ, երբ դատավորների թափուր տեղերի համար հայտարարված թափուր մրցույթների համար քիչ հայտեր են ստացվել: Պատճառն այն է, որ գիտեն կաշառք չպիտի վերցնել, որովհետեւ մեծ հավանականությամբ կձերբակալվեն, բիզնեսով չպիտի զբաղվեն, որովհետեւ մեծ հավանականությանբ հակակոռուպցիոն մեխանիզմները կբացահայտեն դա ու գիտեն, որ պետք է ստանան 400-600 հազար դրամ աշխատավարձ եւ պետք է որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման: Այս պայմաններում ո՞վ կուզենա դատավոր լինել»։

Կա՛մ Վարչապետին սխալ, աղավաղված պատկեր են ներկայացնում, կա՛մ նա միտումնավոր է բոլոր դատավորներին սեւացնում՝ արդարացնելու մայիսի 19-20-ի իր հակասահմանադրական վարքագիծը։

Իրականությունն այն է, որ մարդիկ չեն ցանկանում դատավոր դառնալ, քանի որ Վարչապետ Փաշինյանը, նրա թիմը եւ կողմնակիցներն ուղղորդված վատաբանում են դատավորներին։

Մինչդեռ նախորդող շրջանում բազմաթիվ որակյալ, նվիրյալ երիտասարդ իրավաբաններ են դարձել դատավոր։ Ինքս այդ գործընթացին անմիջական մասնակցություն եմ ունեցել Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտորի կարգավիճակով (2013-2016թթ)։

Նեղ քաղաքական շահերից դրդված անվանարկում եւ վատաբանում եք մի կարեւորագույն համայնք։ Համայնք, որում իրոք կան անարժաններ (նրանք, որպես կանոն, հլու-հնազանդ են Ձեր հակասահմանադրական քաղաքականությանը), բայց կան նաեւ բազմաթիվ արժանավորներ։ Ընդ որում, իմ համոզմամբ՝ անարժանների եւ արժանավորների հարաբերակցությամբ Դատականն ավելի շահեկան վիճակում է, քան Օրենսդիրն ու Գործադիրը։

Եվ վերջում։ Ես իմ ողջ հանրային գործունեության ընթացքում եղել եմ կամուրջներ կառուցող, սուր անկյուններ հարթող, համերաշխությունը իմ լումայով ավելացնող։ Հիմա դուք խրամատներ եք փորել եւ ինձ ու իմ պես շատերին առաջարկում եք ընտրել ի՛մ խրամատը։ Դա՛ չէ իմ ցանկությունը, բայց եթե ներքին խրամատներ են փորվում եւ ինձ պարտադրում են ընտրել, ես իմ պարտքն եմ համարում ընտրել խրամատ փորողի հակառակ խրամատը։ Վստահ եմ, որ այդպիսի ընտրություն միայն ես չէ, որ կատարում եմ։

Ե՞րբ եք գիտակցելու, որ ներքին թշնամանք բորբոքելը, ինստիտուտներ ջարդելը լավ տեղ չի հասցնելու»,-գրել է նա։