«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Գործող կարգավորմամբ՝ այն սուբյեկտները, որոնք հանդիսանում են ընդերքօգտագործող կազմակերպության 10%-ից պակաս բաժնետոմսի (բաժնեմասի) սեփականատեր, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության եւ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումներում իրենց վերաբերյալ օրենսգրքով նախատեսված տվյալները կարող են չներկայացնել:

Մինչդեռ, ընդերքօգտագործող կազմակերպությունում անգամ չնչին մասնաբաժին ունեցող անձիք փաստացի տիրապետում են խոշոր միջոցների եւ նրանց վերաբերյալ տեղեկատվությունը եւս պետք է տրամադրվի եւ հրապարակվի սահմանված կարգին համապատասխան։

Չարաշահումներից խուսափելու համար՝ առաջարկվում է՝ Ընդերքի մասին օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 49-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետերը խմբագրել այնպես, որ բոլոր սուբյեկտները՝ անկախ ընդերքօգտագործող կազմակերպությունում մասնակցության չափից, պարտավոր լինեն ներկայացնել իրենց վերաբերյալ Օրենսգրքով սահմանված լիարժեք տեղեկատվությունը: