Դատավոր Արմեն Դանիելյանի կողմից առանց Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու խորհրդակցական սենյակ հեռանալու անակնըալ որոշումը նպատակ  էր հետապնդում խուսափել արդարադատության իրականացնելուց։ Այս մասին այսօր՝ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ մեկնաբանելով դատարանի անսպասելի որոշումը։

 Նա նշեց, որ պաշտպանական կողմը որևէ միտում չուներ ձգձգելու դատական նիստերը, ընդհակառակը միջնորդությունը, որը ինքը ցանկանում էր ներկայացնել, միտված էր նրան, որ դրա արդյունքում հնարավոր կլիներ կրճատել դատական ստուգման տևողությունը .։

«Դրա արդյունքում ոչ թե 7-8 ժամ առարկություն կներկայացնեինք, այլ 2 ժամում կավարտեինք մեր դիրքորոշումները, բացի այդ, եթե դատարանը համարում էր, որ առկա է իրավունքի չարաշահման փաստ, ուներ ողջ գործիքակազմը, ընդհուպ մինչև պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառել, և այդ պատճառաբանությունն ընդամենը արդարադատության իրականացումից խուսափելու պատրվակ էր»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանիը դիմում էր ներկայացրել դատարանին՝  Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին։ Քոչարյանի պաշտպաններն այսօր դատարանից հետաքրքրվեցին, թե արդյոք նա թույլ տալու է, որ նախևառաջ անդրադառնան այդ միջնորդության քննությանը, սակայն այդ հանգամանքը դատավորը որակեց իբրև դատական նիստերն արհեստականորեն ձգձգելու միտում և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ առանց լսելու Քոչարյանի պաշտպանների՝ բողոքների վերաբերյալ առարկությունները։

«Մեզ հայտնի չէ, թե այս գործը միջդատական վարույթի կարգով է քննվելու, թե դատական քննության կարգով է լինելու, ոչ այն փուլում ենք գտնվում, ոչ մյուս, բողոքների քննության սկզբից ընդամենը դատարանից ակնկալում էինք, որ տա այդ հարցի պատասխանը, սակայն ողջ քննության ընթացքում դատարանն այդպես էլ չտվեց հարցի պատասխանը»,–ասաց նա՝ նշելով, որ դատարանն առանց լսելու իրենց

«Դատարանը մի կողմին լսել է, իսկ մյուս կողմին՝ ոչ. սա խայտառակություն է մեր դատական համակարգի համար»,–ասաց նա։

Խուդոյանը նշեց, որ ենթադրվում էր, որ առարկություններ պետք է ներկայացներ նաև Ռոբերտ Քոչարյանը։

Հարցին, հնարավո՞ր է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմեն ԲԴԽ, պաշտպանը նշեց, որ որ դրա հետ կապված խնդիր կա, քանի որ ԲԴԽ–ն ներկայումս իր կազմով չի գործում։