Դատարանը պաշտպանության կողմի կոնկրետ վարքագծից որոշակի հետեւություն անելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ։ Այս մասին այսօր՝ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով  դատավոր Արմեն Դանիելյանի՝ առանց Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու խորհրդակցական սենյակ հեռանալու անսպասելի որոշմանը։

«Մենք միջնորդությունը քննարկելու կարգի կապակցությամբ հայտնել էինք այլ դիրքորոշում։ Պաշտպանության կողմի տարբեր ներկայացուցիչներ տարբեր հայտարարություններ էին անում, եղան պաշտպաններ, որ մեզ շնորհավորեցին, եղան պաշտպաններ, ովքեր արտահայտեցին իրենց տեսածը, որ մեզ համար էլ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը սպասելի չէր։ Եղավ պաշտպան, որը հայտարարեց, որ իր կարծիքով մեզ համար էլ որոշակի չէ, թե ինչ դատական ակտ է կայացնելու, այսինքն պաշտպանության կողմը մի կողմից հայտարարում է, որ մենք գիտենք ինչ դատական ակտ է կայացնելու, մի կողմից ասում, որ չգիտեն»,–ասաց նա։

Դատախազի խոսքով՝ այնպես չէ, որ բողոքի քննարկում չի եղել.

«Մենք ներկայացրել ենք մեր բողոքները, պաշտպանության կողմի առանձին ներկայացուցիչներ հանդես են եկել դրա վերաբերյալ պատասխաններով։ Դրանից հետո դատարանը ներկայացված միջնորդության կապակցությամբ եկել է կոնկրետ հետեւության, որը հայտարարել է, ես էլ ձեզ նման լսել եմ։ Դատարանը պաշտպանության կողմի կոնկրետ վարքագծից որոշակի հետեւություն անելուց հետո հեռացավ խորհրդարանական սենյակ»,–ասաց նա։

Հարցին, թե իրենց  ձեռնատու՞ էր Արմեն Դանիելյանի նման որոշումը, դատախազը պատասխանեց. «Մեզ ձառնտու են բոլոր օրինական ակտերը, մեզ ձեռնտու էր այն, ինչ մեր բողոքներում ներկայացրել ենք»։

Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանիը դիմում էր ներկայացրել դատարանին՝  Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին։ Քոչարյանի պաշտպաններն դատարանից հետաքրքրվեցին, թե արդյոք նա թույլ տալու է, որ նախևառաջ անդրադառնան այդ միջնորդության քննությանը, սակայն այդ հանգամանքը դատավորը որակեց իբրև դատական նիստերն արհեստականորեն ձգձգելու միտում և հեռացավ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու՝ առանց լսելու Քոչարյանի պաշտպանների՝ բողոքների վերաբերյալ առարկությունները։