Ռուսական կողմը պատրաստ է աջակցել Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը: Այս մասին այսօր Երեւանում Cheese and Wine Business ձեւաչափով անցկացվող «HoReCaExpo-2019» միջազգային ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

Նրա խոսքով՝ տուրիզմի զարգացումը կարեւոր է Հայաստանի եւ նրա տնտեսության համար:

«Մենք՝ որպես Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցչություն, կնպաստենք դրան: Մենք փորձում ենք լուծել խնդիրները, որպեսզի աջակցենք տուրիզմի զարգացմանը: Փողոցներում շատ ռուս զբոսաշրջիկների ենք տեսնում, որոնք գոհ են: Այստեղ հանգիստ է, անվտանգ է, ինչը շատ կարեւոր է: Որեւէ կոնֆլիկտ չկա, եւ այդ պատճառով դա բավականին հետաքրքիր ոլորտ է»,- նշել է ՌԴ առեւտրային ներկայացուցիչը:

Նրա խոսքոով՝ նախարարությունների եւ գերատեսչությունների մակարդակով համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումներ են ընթանում: Օրինակ, ռուսական կողմը պատրաստ է աջակցել փոքր ավիացիայի զարգացմանը:

«Մեզ համար դա շատ հետաքրքիր է, եւ առաջին հերթին Հայաստանի համար պետք է հետաքրքր լինի: Հայաստանը ոչ մեծ երկիր է, այդուամենայնիվ, լավ կլիներ, եթե ինչ-որ չվերթ կարողանար զբոսաշրջիկների տեղափոխել, օրինակ, Գյումրիից Տաթեւ կամ Մեղրի: Դա հետաքրքիր է ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու մասնակիցների համար: Կան խնդիրներ ապրանքների տեղափոխման հետ կապված, օրինակ՝ Վերին Լարսը կանոնավոր չի աշխատում, այդ պատճառով այստեղ պետք է որեւէ լուրջ լուծում լինի: Կամ հավելյալ ճանապարհներ ու թունելներ պետք է կառուցվեն կամ պետք է օգտագործվի Վրաստանի միջով երկաթուղին, որպեսի ինչ-որ կերպ լուծեն այդ հարցերը: Դա հեշտ չէ, դրա համար միջոցներ եւ լավ ներդրողներ են անհրաժեշտ: Փառք Աստծու, մենք այդ ներդրողներին  արդեն տեսնում ենք հայկական շուկայում: Մասնավորապես, դրանք Ռուսաստանից, Ամերիկայից, Ֆրանսիայից էթնիկ հայերն են: Տեսնում ենք՝ ինչպես են հյուրանոցներ կառուցվում: Տեսնում ենք իրական հեռանկարներ: Տուրիստական ոլորտը հեռանկարային է Հայաստանի ապագայի համար»,- նշել է Բաբկոն: