Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը նոր Սահմանադրությամբ պետք է ՍԴ-ում չաշխատեր։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունը:

«ՀՀ նախկին Սահմանադրությամբ մենք ընտրում էինք Սահմանադրական դատարանի անդամ: Նոր Սահմանադրությունն ընդունելիս մենք սահմանեցինք, որ ՍԴ-ում այլեւս անդամ չի լինելու, լինելու է դատավոր: Եվ այդ ընթացակարգով ընտրվեց մեկ դատավոր՝ Արման Դիլանյանը, իսկ այսօր ընտրվեց Վահե Գրիգորյանը: Դա նշանակում է, որ գործող Սահմանադրության համաձան՝ այս պահին ՍԴ անդամները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, Սահմանադրության ընդունման պահից ի վեր իրավունք չունեին ՍԴ-ում աշխատելու»,-նշեց նա:

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ այս պարագայում երկու լուծում կարող էր լինել․ «Երկու լուծում կար այնտեղ՝ կամ Սահմանադրությունը պետք է նախատեսեր անցումային դրույթներում, որ անդամները հետայսու համարվելու են դատավորներ, կամ մյուս տարբերակը, որ իրենք պետք է նույն ընթացակարգով նշանակվեն հաջորդաբար: Այսինքն՝ հաջորդ հերթը կառավարությանն է, կառավարությունը պետք է առաջադրի, հետո դատավորները, հետո նախագահը: Քանի որ անցումային դրույթներով դա նախատեսված չէ, հետեւաբար, մնում է մեկ լուծում: Դա այն լուծումն է, որ ՍԴ դատավորների թեկնածուներին արդեն հաջորդաբար կառավարությունը պետք է ներկայացնի: Այսինքն՝ կառավարությունը պետք է ողջամիտ ժակետում ներկայացնի իր թեկնածուներին: Եվ իր թեկնածուները կհամալրեն ՍԴ դատավորի անդամներին, մենք այլեւս քվորումի խնդիր չենք ունենա: Կարծում եմ՝ մենք զարգացումները պետք է տանենք դրան: Եթե չեմ սխալվում՝ դա հաջորդ նիստով է լուծվելու, եւ մենք աշնանն արդեն կունենանք ՍԴ դատավորի թեկնածուներ»։

Նիկոլայ Բաղդասարյանն, անդրադառնալով Հրայր Թովմասյանի կարգավիճակին, ասաց․ «Ըստ գործող Սահամանադրության՝ ինքը չի հանդիսանում ՍԴ դատավոր, ունի անդամի կարգավիճակ: Եվ անդամը չի կարող լինել նախագահ: Հետեւաբար, ՀՀ Սահմանադրության համաձայն, ինքը չունի ՍԴ նախագահի կարգավիճակ»: