Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի լեգիտիմ նախագահ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

«Թեեւ ես Հրայր Թովմասյանին համարում եմ ոչ կոմպետենտ եւ խնդրահարույց կադր, սակայն պետք է ազնվությամբ ընդունեմ, որ ինքը Սահմանադրական դատարանի լեգիտիմ նախագահ է: Թող ներեն ինձ բոլոր հեղափոխական ընկերներս, բայց գոնե ՍԴ նախագահի մասով Սահմանադրության 213-րդ հոդվածը բավականին միարժեք է»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարան մուտք  է գործում որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ուստի ստանձնելու է Սահամանադրական դատարանի նախագահի լիազորությունները եւ պարտականությունների կատարումը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ․ «ՀՀ նախկին Սահմանադրությամբ մենք ընտրում էինք Սահմանադրական դատարանի անդամ: Նոր Սահմանադրությունն ընդունելիս մենք սահմանեցինք, որ ՍԴ-ում այլեւս անդամ չի լինելու, լինելու է դատավոր: Եվ այդ ընթացակարգով ընտրվեց մեկ դատավոր՝ Արման Դիլանյանը, իսկ այսօր ընտրվեց Վահե Գրիգորյանը: Դա նշանակում է, որ գործող Սահմանադրության համաձան՝ այս պահին ՍԴ անդամները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, Սահմանադրության ընդունման պահից ի վեր իրավունք չունեին ՍԴ-ում աշխատելու»։