Հունիսի 20-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

ԱԳ նախարար Մնացականյանը կարեւորել է ԼՂ խաղաղ գործընթացի շարունակականությունը եւ այս ուղղությամբ ԱՄՆ եւ մյուս համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է հրադադարի ամրապնդման եւ ռիսկերի նվազեցման միջոցների իրականացման անհրաժեշտութունը:

ԱՄՆ նախագահի խորհրդականը եւ Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության օրակարգային հարցերին:

Զրուցակիցները հանդես են եկել հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու եւ խորացնելու պատրաստակամությամբ: