Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ժամանել է խորհրդարան, որտեղ բողոքի ակցիա է ընթանում: Խորհրդարանում են նաեւ ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան եւ Պետական պահպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն, հաղորդում է Վրացական առաջին ալիքը

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն ցույցի մասնակիցներին կոչ էր արել դադարեցնել օրենքի խախտումն ու բռնությունը եւ լքել խորհրդարանի տարածքը, այլապես՝ ոստիկանությունը օրենքով նախատեսված միջոցներ կձեռնարկի:

Ավելի վաղ ցուցարարները փորձել են խորհրդարանի շենք ներխուժել: 

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանում սկանդալ էր ծագել առավոտյան այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Սերգեյ Գավրիլովը բացել էր Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովըԼ Այն բացվել էր նախօրեին Թբիլիսիում 25 երկրներից 100 պատվիրակների մասնակցությամբ: Միեւնույն ժամանակ, այսօր ռուս պատգամավար Գավրիլովը հայտնվել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, որից դիմել է միջազգային վեհաժողովի մասնակիցներին: Դա ընդդիմադիրների շրջանում զայրույթ է առաջացրել: Նրանք Գավրիլովին թույլ չեն տվել շարունակել ելույթը: «Եվրոպական Վրաստան» եւ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների պատգամավորներն շրջափակել են ամբիոնն ու խոչընդոտել միջոցառմանը: Ընդդիմադիրների խոսքով՝ Վրաստանի իշխանությունները դավաճանություն են արել, քանի որ երկիր եւ խորհրդարան են թողել մի մարդու, որն աջակցում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունն ու մասնակցել է 1993 թվականին Աբխազիայի վրացիների դեմ պատերազմին: Այժմ ընդդիմությունը պահանջում է խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեի հրաժարականը: Այդ քայլը քննադատել է նաեւ «Վրացական երազանք» կուսակցությունը, այդ թվում՝ կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին: