Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը հայտարարել է, որ ՌԴ-ին քավության նոխազ են դարձնում Malaysia Airlines-ի MH17-ի չվերթի կործանման մասին գործում եւ կասկածի տակ դրել 2014 թ. տեղի ունեցած աղետի հետաքննության օբյեկտիվությունը, հաղորդում է Reuters-ը:

Նիդերլանդների գլխավորած միջազգային քննչական խումբը ավելի վաղ հաղորդել էր, որ երեք ռուսաստանցու եւ մեկ Ուկրաինայի քաղաքացու  մեղադրանք է առաջադրվելու  խոցված ինքնաթիռում գտնված 298 մարդու մահվան համար:

Խմբի տվյալներով՝ կասկածյալները Ռուսաստանի քաղաքացիներ Սերգեյ Դուբինսկին, Օլեգ Պողոտովը եւ Իգոր Գիրկինն են, ինչպես նաեւ Ուկրաինայի քաղաքացի Լեոնիդ Խարչենկոն: Ըստ քննիչների, նրանց ձերբակալման համար արդեն տրվել է միջազգային կարգադրագիր:

MH17 ինքնաթիռը խփվել էր  2014 թ. հուլիսի 17-ին, Ուկրաինայի արեւելյան հատվածում  Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթի ժամանակ: Բոլոր ուղեւորները մահացել են:

Ռուսաստանը հերքում է կատարվածին իր  ներգրավվածությունը եւ մեղադրանքներն անհիմն համարում: