ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն ներկայացրել է  երկկուսակցական բանաձեւ, ողջունելով 2018 թվականին Հայաստանի խաղաղ քաղաքական անցումը, գովաբանելով ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը եւ կոչ անելով  երկկողմ համագործակցության խորացմանը, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Բանաձեւն աջակցել են կոնգրեսականներ Գուս Բիլիրաքիսը եւ Ջեքի Շփեյերը, նախագահ Փիթեր Քինգը եւ Ադամ Շիֆը:

«Մենք շնորհակալ  ենք կոնգրեսական Փալոնեին եւ նրա գործընկերներին այդ հեռանկարային օրենսդրության ընդունման համար, որն ուղղված է ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ երկկողմ համագործակցության ամրապնդմանը», -ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ  Ամբարյանը:

«Այս միջոցը ինչպես արտացոլում, այնպես էլ ամրապնդում է ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ աճող ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, շահերի վրա, աջակցվող հայկական ծագումով ամերիկացիների ակտիվ քաղաքացիական մասնակցությամբ»:

Փալոնեի խոսքով՝ անցած տարվա ընթացքում Հայաստանը վերափոխվեց զանգվածային շարժման միջոցով, որը հանգեցրեց ոչ բռնի «թավշյա հեղափոխության» եւ ազատ եւ բաց ընտրությունների: «Այս նշանակալի իրադարձությունները վկայում են ժողովրդավարությանը հայ ժողովրդի հանձնառության մասին եւ ցույց տալիս, թե ինչու է ԱՄՆ-ի համար այդքան կարեւոր խորացնել մեր փոխգործակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ», - ասել է կոնգրեսականը:

«Հայաստանը գտնվում է ծանր փուլում է, երբ ԱՄՆ աջակցությունը կարող է նպաստել ժողովրդավարական եւ քաղաքացիական հաստատությունների զարգացմանը: Հուսով եմ, որ այս բանաձեւը կլինի ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ գործընկերության լայնածավալ ռազմավարական թարմացման սկիզբ՝ հիմնված մեր ընդհանուր շահերի եւ արժեքների վրա: Բացի այդ, ես կշարունակեմ աշխատել իմ գործընկերների հետ ԱՄՆ  կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցի ուղղությամբ»:

«Հայաստանում վերջերս կայացած ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունները հնարավորություն են տալիս ամրապնդել Հայաստանի հետ ԱՄՆ-ի կապերը, աջակցել ժողովրդավարական ինստիտուտներին եւ տնտեսական աճին, եւ Կոնգրեսը եւ վարչակազմը պետք է նախաձեռնող լինեն», - ասել է  Ադամ Շիֆը:

«Ես ուրախ եմ աջակցել այս բանաձեւին՝ ընդունելու համար Հայաստանի կողմից ձեռքբերված առաջընթացը եւ աջակցելու հայ ժողովրդի հնարավորությունների եւ իրավունքների ընդլայնման եւ երկկողմ հարաբերությունների խորացման գործում մասնակցությունը»: