Վրաստանի արմատապես տրամադրված ընդդիմությունը հատուկ է օգտագործել ՌԴ պատվիրակության այցը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին՝ անկարգություններ անցկացնելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար ԳրիգորիԿարասինը։

«Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը վաղուց նախատեսված էր Թբիլիսիում, միանգամայն ակնհայտորեն օգտագործվեց ընդդիմության արմատական տրամադրություններ ունեցող հատվածի կողմից, որպեսզի անկարգություններ հրահրի փողոցներում,- ընդգծել է բարձրաստիճան դիվանագետը։- Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս վրացի քաղաքական գործիչների հուզական լիցքավորվածությունը, որոնք ամեն բան անում են, որպեսզի խանգարեն Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերությունների կարգավորմանը»։

Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Կարասինը, ամենակարեւորն այն է, որ «վեհաժողովի մասնակիցները չեն տուժել եւ վերադարձել են տուն»։ «Իսկ ինչ վերաբերում է մեր հարաբերությունների հարցին, ապա մենք կշարունակենք մեթոդաբար, հանգիստ աշխատել Թբիլիսիի հետ մեր հարաբերությունների կարգավորման եւ ակտիվացման ուղղությամբ»,- ասել է փոխնախարարը։

Հիշեցնենք, որ նախօրեի երեկոյան բողոքի ցույցի մասնակիցները փորձել են անցնել ոստիկանական արգելապատնեշը եւ մտնել խորհրդարան, ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել, ռետինե փամփուշտներ եւ ջրնետ մեքենա նրանց ցրելու համար։

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Ռուսթավելու պողոտայի իրադարձությունների հետեւանքով տուժել են ցույցի 14 մասնակից եւ 38 իրավապահ։ Բողոքի պատրվակ է դարձել Թբիլիսի ռուսաստանյան պատվիրակության այցելությունը՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴԿԿ անդամ Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ։ Պատվիրակությունը եկել է մասնակցելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին (ՈւՄՎ), որը տեղի էր ունենում խորհրդարանում։ Գավրիլովը, որը ՈւՄՎ նախագահն է, բացել է նիստը՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին նստած։ Դա առաջ է բերել վրացական ընդդիմադիր կուսակցությունների դժգոհությունը։

Վրացական ընդդիմությունը հայտարարել է, որ կշարունակի ցույցերն այսօր երեկոյան, խորհրդարանի շենքի մոտ։