Հունիսի 20-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի է ունեցել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական՝ կրակային փուլը:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բանակի մոտոհրաձգային, զրահատանկային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության ուժերի եւ ինժեներական միջոցների ներգրավմամբ ցերեկային եւ գիշերային պայմաններում անցկացված  մարտական հրաձգության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական եւ հակահարձակողական մարտերի վարման նոր տարբերակներ: Հատկանշական է, որ նշված գործընթացները պլանավորվել եւ իրականացվել են վերջին շրջանում բանակի զորամասերում եւ ստորաբաժանումներում կատարված կազմակերպահաստիքային փոփոխությունների, ինչպես նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր տեսականիների համալրման պայմաններում, ինչը հնարավորություն տվեց օբյեկտիվորեն գնահատելու զորավարժությանը ներգրավված ուժերի եւ միջոցների իրական հնարավորություններն ու մարտական պատրաստվածության մակարդակը: Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ բացի մարտավարամասնագիտական կարեւորության խնդիրներից, զորավարժության ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց կիրառման մեջ դրված սպառազինության, այդ թվում՝ հետախուզական նշանակության նորագույն տեխնիկական միջոցների փորձարկման, ինչպես նաեւ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, այն է՝ մարտական գործողությունների վարման կայունությունն ու անընդհատությունն ապահովող   գործոնների վրա:

 Ամփոփելով կատարվածը` կարելի է փաստել, որ անձնակազմը, դրսեւորելով մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն եւ կրակային խոցման գերազանց արդյունքներ, իր առջեւ դրված խնդիրը կատարել է ամբողջ ծավալով: