Վրաստանի ԱՆ-ը հայտնել է 240 տուժածի մասին Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանմի առեջ հանրահավաքի ժամանակ, որտեղ  հատուկջոկատայինները  արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ էին կիրառել ակցիայի մասնակիցների դեմ, հաղորդում է Նովոստի Վրաստանը:

«Ընդհանուր առմամբ հիվանդանոց է տեղափոխվել 240 պացիենտ, որոնցից 80-ը ոստիկաններ են: Այս պահին երկու վիրահատություն է կատարվում:

Պացիենտներից մեկի վիճակը կայուն ծանր է», — լրագրողներին ասել է առողջապահության փոխնախարար Զազա Բոխուան:

Նա նշել է, որ ներկայումս Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներում մնում է 102 պացիենտ: Նրանց մեծ մասը տեղափոխվել է աչքերի եւ այլ վնասվածքներով:

Նախօրեին Թբիլիսիում լայնածավալ հակակառավարական ակցիա էր անցկացվել, որի պատճառը Վրաստանի խորհրդարանում Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթն էր: Մասնակիցները պահանջում էին կառավարության պատասխանատվությունը, ներքին գործերի նախարարի, խորհրդարանի նախագահի եւ պետական անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականը:

Իշխանությունները հրաժարվել էին կատարել այդ պահանջները եւ կեսգիշերին մոտ հանրահավաքի մասնակիցները փորձել էին ներխուժել խորհրդարանի շենք:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ էր կիրառել նրանց դեմ: Ավելի ուշ  ցուցարարների դեմ կենտրոնացվել էին հատուկջոկատայինները եւ ջրցաններ կիրառվել: Ի պատասխան, ցուցարարները ոստիկանների վրա քարեր ու ձողեր էին նետել, խլել վահաններն ու սաղավարտները:

Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ, լուսաբացին ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ: Այսօր երեկոյան ընդդիմությունը մտադիր է վերսկսել բողոքի ակցիան: