Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի անցյալ տարվա ուղեւորությունը Հարավային Կովկաս եւ Վաշինգտոնում Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն սկսում է տարածաշրջանում ավելի ակտիվ դեր խաղալ: Այս մասին BBC-ին ասել է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Սթրոնսկին:

«Բոլթոնը կենտրոնացած է Իրանի վրա: Երկու երկրների հետ կքաննարկվի Իրանի հետ նրանց տնտեսական կապերի հարցը, եւ այս նկատառումն ավելի խիստ կարտահայտվի, ավելի շուտ, Հայաստանի հասցեին»,- ասում է Սթրոնսկին: Դրանից բացի, ԱՄՆ նախագահը Ռուսաստանի հետ համագործակցության ուղիներ է որոնում, հավելում է նա:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղն այն ուղղությունն է, որով ԱՄՆ-ին ավանդաբար հաջողվել է Ռուսաստանի հետ արդյունավետ աշխատել: «Թրամփը ցանկանում է միջազգային ասպարեզում ինչ-որ լավ բան անել»,- կարծում է նա: «Ես ուրախ եմ, որ Թրամփի վարչակազմը, թեւքերը քշտած սկսել է զբաղվել [Լեռնային Ղարաբաղի] հիմնախնդրով, որը չափից ավելի շատ ուշադրություն չի գրավում, փոխարենը կարող է ծանրակշիռ արդյունք տալ»,- ասում է Սթրոնսկին:

Օքսֆորդի համալսարանի տարածաշրջանային հարցերով փորձագետ Լեյլա Ալիեւան համաձայն է, որ ԱՄՆ-ն սկսել է Անդրկովկասում ավելի ակտիվ դեր խաղալ: Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի դիրքորոշումը փոխվում է այն բանից հետո, երբ նախորդ տարիներին ամերիկյան դերը մի փոքր պասիվ է եղել ներքին խնդիրների եւ միջազգային այլ առաջնահերթությունների պատճառով:

«Բոլթոնը Լեռնային Ղարաբաղի հետ գործ չունի: Նրա կիզակետում Իրանն է»,- հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

BBC-ի զրուցակից փորձագետները նշել են, որ 2018 թվականի մայիսին Հայաստանում իշխանափոխությունից հետո երկու երկրների միջեւ բանակցություններն ակտիվացել են:

Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում լարվածության զգալի լիցքաթափում է տեղի ունեցել 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարճատեւ հանդիպումից հետո:

Սահմանին փոխհրաձգությունների թիվը զգալիորեն կրճատվել է: Սա տեղի է ունեցել այդ թվում նաեւ այն պատճառով, որ 2 երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ կապուղի է հաստատվել, ասել է International Crisis Group-ի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Օլեսիա Վարդանյանը:

«Սեպտեմբերից հետո մի քանի ամիսները եղել են վերջին 5 տարում ամենախաղաղը,- կարծում է նա: - Զինվորներ չեն զոհվել, իսկ ճակատային գծի մոտ բնակվող մարդիկ կարողացել են նորմալ զբաղվել գյուղատնտեսությամբ»:

2019 թվականին 2 երկրների առաջնորդները բանակցություններ են վարել Վիեննայում եւ Դավոսում:

Սակայն 2019-ի գարնանը Լեռնային Ղարաբաղի շփման գծում բախումները վերականգնվել են: Երկու կողմերը միմյանց են մեղադրում  ականանետային գնդակոծությունների մեջ:

Վաշինգտոնում բանակցություններից լուրջ արդյունքներ պետք չէ ակնկալել, կարծում են փորձագետները:

«Սա այն դեպքը չէ, երբ կարելի է բեկում սպասել, ինչպես Քի Ուեսթում»,- ասել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Էվանսը:

2001-ին ամերիկյան Քի Ուեսթ հանգստավայարում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես երբեք, մոտ էին խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, սակայն վերջին պահին բանակցությունները տապալվել էին:

«Այժմ օրակարգը նույնն է. ինչպես հաշտությունը եւ զինադադարն ավելի կայուն դարձնել»,- ասում է Օքսֆորդի համալսարանից Ալիեւան:

ՄԽ շրջանակում ակտիվ հանդիպումների փաստը կարելի է լավ նշան համարել, կարծում է տարածաշրջանի հարցերով փորձագետ եւ «Հաշտության ռեսուրսներ» կովկասյան ծրագրի տնօրեն Լորենս Բրոերը:

«Իրական պարտավորությունների պակաս կա: Հարկավոր է համեստ քայլերից սկսել, որոնք տանում են իրավիճակի կարգավորմանը»,- կարծում է Բրոերը:

Ի՞նչ քայլեր են քննարկվել: International Crisis Group-ից Վարդանյանի խոսքով՝ հանդիպումից առաջ երկու կողմերը պատրաստվել են հումանիտար միջոցների քննարկմանը:

Խոսքը սահմանին եւ հակամարտության գոտում ձերբակալվածներին հարազատների այցելությունների, գյուղատնտեսական աշխատանքների համար անվտանգության երաշխիքների եւ լրագրողների փոխադարձ այցերի մասին է: