Մոսկվան ակնհայտորեն դեմ կլինի ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը: Այս մասին հունիսի 21-ին «Կովկաս-2018» գիտաժողովի ժամանակ ասաց պատմական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի աշխատակից Սերգեյ Մարկեդոնովը:  

Նրա խոսքով՝ անհնար է այնպիսի սցենար պատկերացնել, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կլինեին միեւնույն կազմակերպության մեջ, եւ Ռուսաստանը թույլ չի տա ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի վերափոխում նոր ԱՊՀ-ի: Փորձագետը հավելեց, որ հետխորհրդային տարածքում տարբեր միությունները երկրների իրավիճակային մերձեցման հետեւանք են, իսկ ավելի սերտ մերձեցման եւ իսկական միությունների ստեղծման հնարավորությանը խանգարում են լուրջ խնդիրներն ու հակասությունները: «Իրավիճակային մերձեցումները նույնպես կարող են բերել որոշակի արդյունքների, հատկապես եթե չկա արտաքին, բացասական միջամտություն: Կասպյան տարածաշրջանի երկրների միջեւ հարցերի լուծումը ցույց է տալիս, որ Արեւմուտքի միջամտության բացակայության դեպքում հիմնական կողմերին հաջողվում է լավ պայմանավորվել»,- նշեց նա: