Իրակլի Կոբախիձեն հեռանում է խորհրդարանի նախագահի պաշտոնից, տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Հայտարարությունն արվել է «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստից հետո, կուսակցության գրասենյակում։

Իրակլի Կոբախիձեն Վրաստանի խորհրդարանի նախագահ էր ընտրվել 2016 թվականի նոյեմբերի 18-ին։

Կոբախիձեն հրաժարական է տվել Թբիլիսիում բողոքի ակցիաների ֆոնին, որոնք վերաճել են ոստիկանության հետ բախման։ Կոբախիձեն այցով Բաքվում էր, բայց ժամանակից շուտ ընդհատել է այն ու վերադարձել Թբիլիսի։

Նախօրեի երեկոյան Թբիլիսիում տեղի է ունեցել ծավալուն հակակառավարական ակցիա, որը ծագել էր Վրաստանի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի հետ կապված։ Մասնակիցները պահանջում էին պատասխանատվության ենթարկել կառավարությանը, ներքին գործերի նախարարի, խորհրդարանի նախագահի եւ Պետանվտանգության ծառայության տնօրենի հրաժարականները։

Իշխանությունները  հրաժարվել են կատարել այդ պահանջները, եւ կեսգիշերին մոտ հանրահավաքի մասնակիցները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք։

Ոոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ։ Ավելի ուշ ցուցարարների դեմ հանվել են հատուկջոկատայիններ, գործի է դրվել ջրցան մեքենա։ Ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները իրավապահների վրա քարեր ու փայտեր են նետել, խլել նրանց վահաններն ու սաղավարտները։

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ բախումների ընթացքում  տուժել է 240 մարդ, որոնցից 80-ը՝ ոստիկան։ Ավելի քան հարյուր մարդ ներկայում հիվանդանոցում է։

Ընդդիմությունը մտադիր է եւս մեկ բողոքի ակցիա իրականացնել այսօր երեկոյան։