Կովկասի թուրքական քաղաքական քարտեզում Հայաստանը չկա: Այս մասին հունիսի 21-ին «Կովկաս-2019» գիտաժողովի ժամանակ ասաց Քադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Միթաթ Չելիքփալանը:

Նրա խոսքով՝ սա կապված է Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների բացակայության հետ: «Ճիշտ նույն կերպ կարելի է պնդել, որ Կովկասի ռուսական քաղաքական քարտեզում բացակայում է Վրաստանը»,- հավելեց նա:

Միթաթ Չելիքփալանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով անգամ երկրների առաջնորդների միջեւ նամակների փոխանակություն չկա, որը կար նախորդ իշխանությունների օրոք, այս պատճառով թուրքական քաղաքական շրջանակները դեռեւս այնքան էլ լավ չեն հասկանում, թե ինչպես են զարգանալու հարաբերությունների կարգավորման գործընթացները: «Այս հարաբերությունների կարգավորման գործընթացին խանգարում է նաեւ Կովկասում ավտորիտար իրավիճակը: Այսպիսի պայմաններում Թուրքիան ստիպված է խաղալ ժամանակ ձգելու վրա, որպեսզի հասնի իրեն անհրաժեշտ նպատակներին, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններում»,- եզրափակեց փորձագետը: