Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Սերգեյ Գավրիլովը «Ռեդիսոն Բլու Իվերիա» հյուրանոցից հեռացել է իրավապահների ուղեկցությամբ: Գավրիլովի հայտնվելը հարուցել է հյուրանոցի մոտ հավաքված ցուցարարների դժգոհությունը: Ցույցի մասնակիցները նրան դիմավորել են վանկարկումներով, վրան ջուր են ցողել եւ շշեր նետել, հայտնում է վրացական Առաջին ալիքը: 

Թբիլիսիում այսօր անցկացվել է Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեայի 26-րդ նստաշրջանը:

Այն այսօր շարունակվել է խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում: Նիստը բացել է Ասամբլեայի նախագահ, ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները պաստառներով եւ վանկարկումներով մտել են դահլիճ, որտեղ անցկացվում էր նստաշրջանը:

Նրանք այս կերպ են բողոքել Սերգեյ Գավրիլովի մասնակցության եւ այն բանի դեմ, որ նա նիստը վարել է խորհրդարանի նախագահի աթոռին նստած: Պատգամավորներ Էլենե Խոշթարիան, Գեորգի Կանդելակին եւ Սերգո Ռաթիանին մոտեցել են սեղանին, որը նախատոեսված է խորհրդարանի խոսնակի համար, որտեղից Գավրիլովը նիստը վարել է:

«Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ ռուսաստանցի պատգամավորը Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին էր հայտնվել առանց այդ հարցի համաձայնեցման: