Ներքին գործերի նախարարության աշխատակիցները կալանել են 305 մարդու Թբիլիսիում երեկվա ակցիային մասնակցելու պատճառով, տեղեկացնում է Գրուզիա Online-ը՝ հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ հայտարարությանը։

Նշվում է նաեւ, որ երեկվա ակցիայի ընթացքում տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ իրավապահները։

Համաձայն տեղեկատվության՝ սկսվել է քննություն Վրաստանի Քր.օր. 225 հոդվածով՝ խմբային բռնության կազմակերպում, ղեկավարում կամ մասնակցություն։

ՆԳՆ-ն հայտարարում է, որ ոստիկանությունն օգտագործել է հատուկ միջոցներ՝ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ։ Դրանց օգտագործումը կրել է սպառնալիքին համամասնական բնույթ։

«Խորհրդարանի շենք ներխուժումը կանխելու, հանրային կարգը վերականգնելու, ակցիան իրավական շրջանակ վերադարձնելու, ոստիկանների վրա հարձակումները եւ իրավակարգի խմբային խախտումները կանխելու նպատակով ոստիկանությունը ստիպված էր օգտագործել հարկադրման հատուկ միջոցներ, որոնք նախատեսված են Վրաստանի «Ոստիկանության մասին» օրենքով՝ արցունքաբեր գազ, ոչ մահացու զենք եւ ջրցան մեքենաներ»,- ճեպազրույցում ասել է  ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն։

Փոխնախարարի խոսքով՝ չնայած դրան,  ակցիայի մասնակիցների ագրեսիվ մասը շարունակել է խախտել օրենքը ողջ գիշերվա ընթացքում։

«Լուսաբացին նրանք ոչնչացրել են  ոստիկանների եւ քաղաքացիների մեքենաները եւ վնաս են հասցրել մերձակա տարածքի մասնավոր շինություններին։ Տարբեր իրավախախտումների համար կալանվել է ակցիայի 305 մասնակից»,- նշել է Բորցվաձեն։