Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը խթանելու եւ անհրաժեշտ իրավական դաշտը մշակելու ու ներդնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջեւ այսօր՝ հունիսի 21-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ստորագրվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրով սահմանվել են էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագրային համակարգի մշակմանն ու սպասարկմանը, ինչպես նաեւ արդյունավետ շահագործմանն ուղղված կողմերի գործողությունները եւ պարտականությունները։

Ստորագրմանը ներկա են գտնվել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ԱՄՆ դեսպանության  գործերի ժամանակավոր հավատարմատար Դեբորա Գրիզերը։

Հուշագրի ստորագրման արարողության մասնակիցներին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ողջույնի խոսքն է հղել ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ նշելով, որ  կառավարության կողմից ստեղծված են բոլոր հնարավորությունները համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների կողմից էներգետիկայի բնագավառում ներդրումներ իրականացնելու համար: «Առաջիկա տարիներին շահագործման կհանձնվեն Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը: Նշված ծրագրերի իրագործումը թույլ կտա իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր, փոխանակումներ, առեւտրային գործարքներ, արտահանում եւ ներմուծում», - ասել է Հակոբ Վարդանյանը։

Փոխնախարարն իր եւ նախարարի անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը եւ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությանը՝ Հայաստանի էներգետիկ համակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար եւ վստահություն հայտնել հետագա համագործակցության խորացման հարցում: