Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ներկայումս պահվում է շուրջ 100 իրանցի դատապարտյալ: Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության  Փաստաբանների  պալատների միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին:

Նա տեղեկացրել է, որ հանդիպել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ եւ քննարկել իրանցի ազատազրկված անձանց պահման պայմանների, դատապարտյալների զբաղվածության ապահովման, ինչպես նաեւ արտահանձնման հետ կապված հարցեր:

«Հասկացանք, որ իրոք մարդկային վերաբերմունք է ցուցաբերվում այդ անձանց նկատմամբ, մենք այդ անձանցից մի քանիսի հետ հանդիպել ենք: Խոսեցինք նաեւ իրանցի դատապարտյալների արտահանձնման հարցի շուրջ: Ներկայումս ցանկանում ենք Իրան տեղափոխել 14 դատապարտյալի, եւ եթե համաձայնություն լինի, նրանք կարող են իրենց պատիժը կրել Իրանում, սակայն դեռ որոշումը չկա»,- ասել է Իրանի ՓՊ նախագահը:

Ըստ Իսա Ամինիի` իրանցի դատապարտյալների արտահանձման հարցի շուրջ քննարկում եղել է նաեւ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի հետ:

«Մենք այդ հանդիպման ընթացքում քննարկեցինք այդ 14 դատապարտյալների հարցը, եւ այն իրավաբանական տվյալները, որոնք ներկայացրեցինք այդ հարցի հետ կապված, շատ դրական արձագանք ստացան հայկական կողմից: Նախարարի հետ կքննարկեն հարցը: Հուսով եմ՝ դատապարտյալների տեղափոխման խնդիրը կլուծվի, ինչպես նաեւ այլ իրավական հարցերում կկարողանանք դրական արդյունքների հասնել»,- ընդգծել է Իրանի ՓՊ նախագահը:

Նա նաեւ բարձր է գնահատել ՀՀ փաստաբանական պալատի անձնակազմի աշխատանքը՝ շեշտելով, որ պալատը ունի երիտասարդ, դինամիկ եւ եռանդուն թիմ:

«Մենք ստորագրել ենք մի համաձայնագիր, որպեսզի կարողանանք միմյանց ցուցաբերել իրավական փոխօգնություն եւ հանրային պաշտպանի ոլորտում ունենալ համատեղ համագործակցություն: Երկրորդ հանգամանքը հետեւյալն է, որ կարողանանք փորձի փոխանակում իրականացնել եւ հասկանալ, թե ինչ խնդիրներ ունենք: Հետագայում կկազմակերպենք համատեղ սեմինարներ, որոնք կօգնեն երկու երկրների փաստաբաններին  ավելի արդյունավետ պաշտպանել քաղաքացիների իրավունքները»,- եզրափակել է Իսա Ամինին։