Երեկ հունիսի 21-ի Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում իր 7-ամյա դստերը խեղդամահ արած 30-ամյա կնոջ կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին  NEWS.am-ին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ի թունաբանական բաժանմունքից:

«Կինը Սպիտակի ԲԿ-ից է տեղափոխվել թունաբանական բաժին, թույլ դեղորայքային թունավորում է ստացել վաղն արդեն դուրս կգրվի»,- հայտնեցին  թունաբանական բաժնից:

Նշենք, որ 30-ամյա կինը, ով Երեւան քաղաքի բնակիչ է, փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղահաբեր խմելու միջոցով: Վերջինս անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 30-ամյա կինը ձերբակալվել է՝ 7 տարեկան երեխայի սպանության կասկածանքով: