Դեպի ռուսական քաղաքներ ուղիղ ավիափոխադրումներ կատարելու արգելքի պատճառով հուլիսի 8-ից վրացական Georgian Airways-ը կառաջարկի ուղեւորներին Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի տրանզիտային թռիչքներ, հաղորդում է Նովոստի Արմենիա-ն՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ՌԴ Տրանսպորտի նախարարությունում հայտնել են, որ դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ վրացական ավիաընկերությունների թռիչքները կդադարեցվեն մինչեւ անվտանգության հաստատումը եւ նավիգացիոն սպասարկման համար Վրաստանի կողմից պարտքերի մարումը:

«Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվում է իրականացնել օդային փոխադրումներ ՌԴ-ից դեպի Վրաստան: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ արգելքները կվերաբերեն նաեւ օդային բեռնափոխադրումներին: Այն դեպքում, եթե արգելքները կիրառվեն հուլիսի 8-ից, Georgian Airways ավիաընկերությունը կառաջարկի իր ուղեւորներին Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի տրանզիտային թռիչքներ»,-ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արգելել է հուլիսի 8-ից օդային փոխադրումները երկրում Վրաստանում բողոքի ցույցերի ֆոնին: Համաձայն հրամանագրի՝ տուրօպերատորներին խորհուրդ է տրվում խուսափել դեպի Վրաստան ուղեգրերի վաճառքից: Միեւնույն ժամանակ ռուսական կառավարությունը պետք է քայլեր կատարի Վրաստանում ժամանակավորապես գտնվող բոլոր ռուսներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Ներկայումս դեպի Վրաստան չվերթներ են իրականացնում ռուսական վեց ավիաընկերություններ՝ «Աէրոֆլոտ», S7, «Ուրալյան ավիաուղիներ», Red Wings, «Պոբեդա» եւ «Նորդավիա» (այս տարի սկսել է աշխատանքը Smartavia ապրանքանիշի ներքո): Բոլոր նրանք արդեն դադարեցրել են ավիատոմսերի վաճառքը եւ հայտարարել հուլիսի 8-ից դեպի Վրաստան թռիչքները դադարելու մասին: