Սպիտակ տունը հրապարակել է մերձարեւելյան խաղաղ ծրագրի տնտեսական մասը, որը նախատեսում է 50 մլրդ դոլարի չափով ներդրումներ պաղեստինցիներին եւ հարեւան արաբական պետություններին օգնության տեսքով, ինչպես նաեւ Արեւմտյան Ափն ու Գազան միավորելուն ուղղված նոր ենթակառուցվածը կառուցելու համար, հաղորդում է The Hill-ը:

«Խաղաղություն բարգավաճման համար» անունով ծրագիրը կոչ է անում ենթակառուցվածքների համար ներդրումներ կատարելուն, մասնավոր հատվածի աճին եւ տարածաշրջանային զարգացմանը, որպեսզի պաղեստինյան ժողովրդին հնարավորություն ընձեռվի կառուցել բարգավաճ եւ դինամիկ պաղեստինյան հասարակություն:

Ակնկալվում է, որ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, որը Թրամփի վարչակազմի առաջարկած խաղաղ ծրագրի ճարտարապետն է, պաշտոնապես կներկայացնի այն հաջորդ շաբաթ Բահրեյնում կայանալիք համաժողովի ժամանակ: Այն կիրագործվի միայն այն դեպքում, եթե պաղեստինցիների, իսրայելացների եւ տարածաշրջանում այլ սուբյեկտների միջեւ ձեռք բերվի քաղաքական որոշում:

Համաձայն ծրագրի՝ 50 մլրդ դոլարի շուրջ կեսի չափով օգնություն կուղղվի պաղեստինցիներին Արեւմտյան ափին եւ Գազայում 10 տարիների ընթացքում, իսկ մյուս կեսը կբաժանվի մյուս արաբական երկրների եւ տարածաշրջանների միջեւ:

Ծրագիրը նախատեսում է նաեւ պաղեստինյան տարածքում զբոսաշրջության ընդլայնում, ինչպես նաեւ կրթական եւ մասնագիտական վերապատրաստման ծրագրերի ավելի մեծ հասանելիության ապահովում:

Անցյալ շաբաթ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ջեյսոն Գրինբլաթը հայտարարել է, որ այդ ծրագրի քաղաքական մասի ներկայացումը կարող է հետաձգվել մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերը: